ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ, ԲՐՅՈՒՍԵԼ Ես ուզում եմ դիմել մի ցավոտ հարցի շուրջ, հարցի, որի հիմնավորված պատասխանն ակնկալում է ոչ միայն տողերիս հեղինակը, այլ բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր դարձան ՀՀՇ-ի կազմակերպած սպիտակ եղեռնի զոհերը. կամա-ակամա հայտնվեցին սփյուռքում ու հայրենիքում պիտակավորվեցին վիրավորական \"լքողներ\", \"դավաճաններ\" բառերով: Ոչ ոք խորհրդարանում չարտաբերեց այն միտքը, որ եթե այդ լքողները գումարով չապահովեն իրենց հարազատներին, բարեկամներին... արդյոք արտագաղթն ավելի մեծ չափեր
չէ՞ր ունենա, արդյոք ավելի շատ չէր հայաթափվի Հայաստանը: Ինչու՞ է կարծիք ստեղծվել, թե լքողները սփյուռքում շատ ունենալուց են օգնում Հայաստանում մնացողներին\' ոչ, օգնում են, որ Հայաստանը վերջնականապես չդատարկվի. հաճախ այստեղ\' Եվրոպայում կատարում են ամեն տեսակի աշխատանքներ, որ կարողանան իրենց հարազատներին գումար ուղարկել: Շա՜տ բաներ կան, որ կայքէջում հնարավոր չէ գրել: Այստեղ են ասել. շնորհակալության փոխարեն ապտակներ, ապտակներ, որ ձեր իսկ միջամտությամբ վաստակեց սփյուռքը նոր ընդունված \"Երկքաղաքացիության\" մասին օրենքով ու վերջնականապես զրկվեց այս խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրավունքից: Ինչու՞ այս ձևակերպումը ստացավ օրենքը, որ սփյուռքում հայտնված մեր հայրենակիցները զրկվեցին ձայնի իրավունքից: Կարծում եք, հեռավորությունն ի զորու՞ է, որ մենք անտարբեր դառնանք մեր հայրենիքի հանդեպ: Այսօր, տեղեկատվական միջոցներն ընձեռում են հայրենիք-սփյուռք տարածությունը կրճատելու հնարավորություն, կասեի` սփյուռքցին ավելի շատ է տեղեկացված հայրենիքի անց ու դարձից, քան մեր գյուղերում ապրող բնակչությունը, որը ցավոք, զրկված է ինչպես մամուլից, հաճախ էլ հեռուստատեսությունից. (խորը ցավով եմ նշում): Դուք միայն ներդրումային դաշտում եք ճանաչում սփյուռքին, այդպես չէ՞. մնացած դեպքերում սփյուռքը եղած-չեղած, ձեզ չի էլ հետաքրքրում, դրա համար եք շահարկում մութ ու ցուրտ տարիները, բայց հիշեցման կարգով ասեմ, որ արտագաղթը սկսվեց 1996-ից, երբ հարազատներին սովից փրկվելու համար, շատերը, ծախելով ունեցվածքի վերջին պատառները, անգամ տուն-տեղը, դուրս եկան բախտին քմահաճ մի օտարություն, երբ ոչ լեզու գիտեին շփվելու համար, ոչ տանիք իրենց գլխի վերև... Դուք պատկերացնու՞մ եք, որ եթե հանկարծ դադարի այդ մեկուկես միլիարդից ավելի գումարի մուտքը Հայաստան, ի՞նչ ճգնաժամի առաջ կկանգնի ողջ երկիրը: Շփվելով մեր հայրենակիցների հետ, կարող եմ ասել, որ 90%-ից ավելին մի կերպ է հաշտվում օտարությանը, բայց առայժմ ստիպված է մնալ, քանի որ չունի տնտեսված որոշ գումար տուն դարձի համար: Իրենց վաստակած գումարի մի մասն ուղարկում են Հայաստան, մյուսով իրենք են գոյատևում, քանի որ համարյա բոլոր Հայաստանից գաղթածները վարձով են ապրում ու ամենաէժան բնակարանը սկսվում է 350- EUR-ից + կոմունալ ծախսերը: Հայրենիքում թյուր կարծիք է ստեղծվել. եթե ուղարկում են, ուրեմն պարկերով փող ունեն: Ո\'չ, այդպես չէ: Դուք համաձայն չե՞ք ինձ հետ, որ Հայաստանում մեր շատ հայրենակիցներ գնում են քվեարկելու, առանց ծանր ու թեթև անելու, թե տվյալ թեկնածուն արդյոք այն անհատն է, որ պետք է հայտնվի խորհրդարանում, հաճախ էլ կաշառքն է իր սև գործն անում:Վերջապես դուք համաձա՞յն եք Գարեգին Նժդեհի այն մտքի հետ, որ \" Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապէս, իրաւապես հայրենատէր լինել, իսկ հոգեպէս\' անհայրենիք:Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ\' իբրեւ միջոց:\" Կմաղթեի նոր խորհրդարանում կազմեիք մեծամասնություն ու նոր մոտեցում ցուցաբերեիք սփյուռքին երկքաղաքացիության մասին օրենքի լրամշակման հարցում, այլապես օտարելու եք սփյուռքը հայրենիքից. Սթափության կոչ եմ անում:
|