Четверг, 21.11.2024, 11:15
Приветствую Вас Гость | RSS
Главная | | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
Հրապարակախոսական հոդվածներ [8]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 47
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Июль 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » 2009 » Июль » 9 » Անդրադարձ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԻՍՏԵՐԻԱ
    Անդրադարձ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԻՍՏԵՐԻԱ
    15:25
        «Գիտցիր, որ ամեն ինչի վերջը կա, եւ մեր հայ դատին ճշտումն ալ մեր իրավունքով պիտի վերջանա: Մենք պիտի հաղթենք, այո», սրանք տողեր են Հրանտ Դինքի նամակից, որ նա գրել է մեր կայքէջի մշտական ընթերցող ու մասնակից Սոնա Արշունեցուն ամանորյա նրա շնորհավորանքին ի պատասխան: 
    Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դեռ երկար վերլուծությունների ու մեկնաբանությունների նյութ կլինի, իսկ Եվրոմիության ճանապարհը բռնած Թուրքիայի համար հաստատապես քաղաքական նոր անախորժությունների մեկնարկ դարձավ: Հրանտ Դինքի սպանությանն անդրադարձան նաեւ «Ազգի» կայքէջի ընթերցողները, որոնց մի քանի ուշագրավ դիտարկումները հարկ ենք համարում ներկայացնել: Առանձնացրել ենք այն կարծիքները, որոնք վերաբերում են ողբերգությանը հայ հասարակության արձագանքին, հակադրելով նույն իրավիճակում թուրքական կառավարության ու ժողովրդի արձագանքին: Դիտարկումներ, որ անպայման բոլորիս խորհելու նյութ պիտի տան նման իրավիճակներում մեր անառողջ վարքագծի մասին, երբ «թուրքի ձեռագիրը չի փոխվել», «Դինքն էլ մի հերթական զոհ էր» ծայրահեղ, հաճախ հիստերիկ գնահատականները զուգադրվեցին բողոքի մի քանի թույլ ու իներտ արտահայտությունների հետ: «Թուրքական իշխանությունները կարողացան շատ լավ օգտագործել սպանությունը եւ ցույց տալ, թե իշխանությունը որքան շահագրգռված է նման երեւույթների դեմ պայքարի եւ արմատախիլ անելու հարցում: ...Ոչ ոք չի կարող ասել, թե այդ ցույցերը կազմակերպված բնույթ չունեին: Սակայն միջազգային հանրությունը տեսավ ոչ թե ոճրագործ, այլ կապանքներից ձերբազատվող, առողջացող թուրք հասարակություն», գրում է Գ. Ա.-ն Երեւանից, «Երբ Ռուսաստանում շարունակում են հայերին սպանել, մենք մատների արանքով նայելով` Թուրքիայում նույն հողի վրա սպանությանը փակցնում ենք «1,5 մլն պլյուս 1» կարգախոսը: Նշանակում է, դեռ չենք կարողանում ձերբազատվել մորթվողի հոգեբանությունից ու իրերին ավելի սթափ ու կարեւորը` արժանապատվության զգացումով նայել: Հրանտ Դինքը, անշուշտ, հենց այսպիսի թուրքական հասարակություն էր ուզում տեսնել, թեկուզ արտաքուստ, բայց ոչ այսպիսի հայ հասարակություն»: Ստամբուլից Մարին ընդգծում է թուրքերի արձագանքը. «Հազարավոր թուրքեր Օսմանբեյում հայերի հետ մեկտեղ ցույցի դուրս եկան, ցավակցեցին եւ ապրեցին այս ողբերգությունը, դատապարտեցին, հարգելով Դինքի հիշատակը»: Սոնա Արշունեցին նշում է Դինքի մահվան առաջին եւ հաջորդ օրը հեռուստատեսությունների արձագանքի մասին, որին անդրադարձավ նաեւ «Ազգը». «Հունվարի 20-ին, սպանության հաջորդ օրվա ողջ ընթացքում տոնական տրամադրություն էր տիրում եթերում: Խոսքս առաջին ալիքի մասին է: Չբարեհաճեցին փոփոխություն մտցնել իրենց ծրագրերի մեջ. նորից «Թեժ 10» էր, հետո` մեծանուն երգչուհի Սուսաննա Սաֆարյանի 50-ամյակի տեսագրությունը: Մի պահ ուզում էի մտածել, որ կա՛մ Հայաստանում տեղյակ չեն, թե ինչ է կատարվել, կա՛մ էլ նայում եմ թուրքական ալիք: Բայց «Հայլուրը» հաստատեց, որ լավ էլ տեղյակ են, ու ցուցադրեց այն հատուկենտ երիտասարդներին, որ դուրս էին եկել բողոքի ձայնը բարձրացնելու: Ինձ շատ ընկճված զգացի` Թուրքիայում ցուցարարների ամբոխի դիմաց` Հայաստանում մատների վրա հաշվվող երիտասարդություն: Նույն վիճակն էր անցած տարի Գուրգեն Մարգարյանի սպանության մեկ տարվա օրը:... Իրավիճակն այլ կերպ չես բնութագրի, որ անգամ թուրքի «թասիբը» չունենք»: Նույն զգացողություններն է ապրել Համո Արավիրցին` Բելգիայից. «Միթե այդքան դժվար էր մեր երիտասարդությանը, բուհերի ուսանողներին դուրս բերել փողոց. այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն ե՛ւ քաղաքական կուսակցությունները, ե՛ւ դասախոսները»: 
    ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ 


    Ընթացիկ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԱԶԳԻ» ԿԱՅՔԷՋԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ 

       Մարտի 2-ից բաց էր «Ազգի» կայքէջի մարտի 8-ի շնորհավորանքների սրահը, որի միջոցով մեր բոլոր ընթերցողները, համակիրները եւ առհասարակ բոլոր ցանկացողները կարող էին շնորհավորել իրենց կանանց, մայրերին, ընկերուհիներին, աղջիկներին` գարնանային ամենաջերմ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: Մեկ շաբաթվա ընթացքում մեր կայքէջի միջոցով իրենց սիրելի կանանց եւ աղջիկներին, մայրերին ու քույրերին շնորհավորել են մեր հայրենակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Բրյուսելից, Մոսկվայից, Կանադայից, Լոնդոնից, Բելգիայից, Գլենդեյլից: Համայն աշխարհի մայրերին Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել է նաեւ Սոնա Արշունեցին Բրյուսելից` ցանկանալով առողջություն, երջանկություն եւ մեծ սեր: «Չոր անապատն էլ թող դառնա մայրիկ, իմանա որդուց ինչ կա քաղցրիկ», իր մաղթանքում գրել է Արշունեցին: Բելգիայից Համո Արմավիրցին շնորհավորելով կանանց եւ մայրերին` գրել է. «Գեղեցիկը շատ է աշխարհում, բայց ոչ մի գեղեցկություն չի կարելի համեմատել կանացի գեղեցկության հետ: Շնորհակալ լինենք Աստծուն, որ Դուք կաք»: Մանկական, կենսաբանության, բնության, կենդանիների ու քրիստոնեության թեմաներով հաղորդումների բացակայությամբ մտահոգված Սիլվան Բելգիայից մաղթել է. «Թող ամեն կին արժանի լինի ծնելու եւ մայր լինելու»: Շնորհավորելով մայրերին Նունե Ասրյանն էլ մեջբերել է Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը»: Ինչպես խոստացել էինք, լավագույն շնորհավորանքների եւ մաղթանքների հեղինակները ստանում են «Ազգի» գրադարանի հետաքրքրական հրատարակություններից: Մեր թերթի գրադարանի հրատարակությունները ստանալուն են արժանանում Սոնա Արշունեցին (Բրյուսել), Ժանետա Հակոբյանը (Կանադա) եւ Սիլվան (Բելգիա), ովքեր կարող են իրենց նվերները ստանալ Հանրապետության 47 հասցեում գտնվող «Ազգի» խմբագրատնից: ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

    Ընթացիկ ԱՄԱՆՈՐՅԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԱԶԳԻ» ԿԱՅՔԷՋԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՄՓՈՓՎԵՑ 

    Նախատոնական օրերին «Ազգի» կայքէջում ամանորյա շնորհավորանքների մրցույթ հայտարարելով մենք ամենեւին էլ գլուխգործոցներ չէինք ակնկալում: Սպասում էինք պարզապես սրամիտ, ինքնատիպ բարեմաղթանքների: Մրցույթի մեր մասնակիցները, սակայն, շնորհավորանքների բնույթին այլ ուղղվածություն են տվել: Դրանց բովանդակությունը հետաքրքրական է գլխավորապես համազգային նշանակության խնդիրների անդրադարձով: Լինելով այնքան անմիաբան իրական կյանքում, մեր մաղթանքների ու կենացների մեջ մենք կատարյալ ենք մեր խելամտությամբ: Անգամ թշնամուն սիրելու, նրան խաղաղություն ու սեր ցանկանալու քրիստոնեական պատգամը քանիցս կրկնվում է շնորհավորանքներում: Մասնակիցներից մի երկուսն այնքան են ոգեւորվել, որ իրենց զգացմունքները նույնիսկ փորձել են արտահայտել չափածո տողերով: «Կկամենայի մաղթել իմ ազգին սեր, միություն, միաբանություն ազգային գաղափարների շուրջն ինչպես սփյուռքում, այնպես էլ հայրենիքում: Վեր կանգնել նեղ անձնական շահերից եւ գլոբալիզացիայի խելահեղ այս դարում պահպանել ազգային դիմագիծը: Աշխարհի որ ծագում էլ լինենք` նպաստենք, նեցուկ լինենք մեր երկրի բարօրությանն ու հզորացմանը, Ղարաբաղի հարցի, մեր պահանջատիրության արդար դատին: Ամուր քրիստոնեական հավատք ու անձնուրաց հայրենասիրություն: Լինենք հավաքական այն ուժը, որ երազել է մեծն Չարենցը... » Սոնա Արշունեցի, Բրյուսել: Սոնա Արշունեցին մեր պատգամավորներին առաջարկում է նաեւ օրհներգի սեփական տարբերակը, մաղթելով շուտափույթ ձերբազատում խճճված վիճակից: Ամանորյա մաղթանքների գլխավոր լեյտմոտիվ է դարձել նաեւ սփյուռքում սփռված մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին տանջող կարոտախտը, որից նրանք փրկության ելքեր են առաջարկում` ամանորյա իրենց գլխավոր իղձը դարձնելով հայրենիք վերադարձը: Դրանցում նաեւ վիրավորանք կա, որովհետեւ Հայաստանից հեռացածներին մենք հաճախ անփութորեն, անշրջահայացությամբ «հայրենիքը լքածներ» ենք անվանում, առանց խորամուխ լինելու, որ օտար ափերում նրանք հայտնվել են ամենից հաճախ` պարտադրված, եւ այսօր նրանց մեծ բանակն է, որ դժվար աշխատանքով հարազատներին ու մերձավորներին պահում է ծննդավայրում, մեր բյուջեի չափ գումար ուղարկելով նրանց ամեն տարի: Հայֆայից Նուբար Ասլանյանը նույնիսկ առաջարկում է պատասխանատվության ենթարկել իրենց հանիրավի այդպիսի վիրավորանք հասցեագրողներին: «Մենք, հայրենիքը հարկադրյալ լքողներս (պատճառները հարցրեք ՀՀՇ-ին, նա կբացատրի), դիմում ենք ազգասեր պատգամավորներին` հույսով ու հավատով, որ նոր` 2007 թվականին ազգամետ մոտեցում կունենան մեր հանդեպ եւ օրենք կընդունեն հայրենադարձների մասին, եւ որ նոր` 2007 թվականին խորհրդարանում կավարտվեն վարիացիաները երկքաղաքացիության խնդրի շուրջը»: Նա նաեւ դիմում է մեր պատգամավորներին` «հույսով ու հավատով, որ գալիք ընտրություններում ազգային շահերը անձնականից բարձր կդասեն»: «Մենք բոլորս նույնն ենք երազում` ազատ, հզոր ու զարգացած Հայաստան` մենք, որ մեր կյանքն ենք վատնում հուսահատությամբ, դաժանությամբ ու անհանդուրժողականությամբ պատված հայրենիքում կամ հեռանում նրանից մարդավայել ապրելու հույսով, մենք, որ մեր հացն ենք կիսում մեր կարիքավոր հարազատների հետ... Թող 2007 թվականը օգնի գոնե մեկ քայլ կատարել դեպի մեր երազի երկիրն ու մարդը», մաղթում է Գնել Խաչատրյանն` ԱՄՆ-ից: Եվ այսպես, կայքէջի մրցույթի հաղթողներ են (խելամիտ մաղթանքների համար) Նուբար Ասլանյանն` Իսրայելից, Սոնա Արշունեցին` Բրյուսելից, Գնել Խաչատրյանը` ԱՄՆ-ից եւ հոռետեսությունից զերծ ուրախ, լավատես մաղթանքի համար՝ Աշոտ Ստեփանյանը Երեւանից: Հայ գրողների, բանասերների, պատմաբանների հատորյակներով նրանց մրցանակները «Ազգի» խմբագրությունում են: ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ 

    Категория: Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 1340 | Добавил: Anna | Рейтинг: 0.0/0 |
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2024